Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

...ՈՒ դարձյալ ցավ

...ՈՒ դարձյալ ցավ
20.10.2024 | 21:22

Կյանքից հեռացել է անմահացած Հերոս, կամավորական ՀՈՒՍԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ հայրը` ԳՐԻԳՈՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ

-Մենք ձեր Վազգենին ենք սպանել,-թշնամին այս խոսքերն ասելով` նկատի ուներ Ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, խիզախ կամավորական Հուսիկ Հովակիմյանին։

Ընտանիքի համար երկար սպասված միակ որդին ծնողների ու երեք քույրերի ուրի՜շ լույսն ու ապրեցնող ուժն էր բազմաշնորհ Հուսոն։

Նա ընտանիքից գաղտնի մարտի դաշտ մեկնել էր պատերազմի հենց երկրորդ օրը։ 24 օր շարունակ թեժ մարտերում` Մեխակավանում, Ջրականում և Հադրությում աննահանջ դիմադրելով թշնամուն, անմահացավ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին։

Խիզախ կամավորը մինչև վերջ չլքեց իրեն վստահված մարտական դիրքերը։

Եվ անգամ շրջափակման մեջ ընկնելով` մինչև վերջին շունչը պայքարել է վիրավոր ընկերներին փրկելու համար։

Հուսիկ Հովակիմյանի ու իր քաջ մարտական ընկերների մասին խոսեց անգամ թշնամու երկրի մամուլը։

Թշնամին օրեր շարունակ պետական հեռուստալիքներով տեսանյութեր էր հրապարակում ու հայտարարում, որ դիպուկահարի, դիվերսիոն խմբի է սպանել։ Քաջաբար մարտնչած տղաների մարմինները թշնամին տեղափոխել էր հատուկ վայր և առանձին-առանձին՝ քաջերին հատուկ պատվով հողին հանձնել։

Միայն երեք ամիս անց` դեկտեմբերի վերջին խիզախ կամավորի մարմինը փոխանցվեց հայկական կողմին... և հունվարի 24-ին Հայոց հողին հանձնվեց հերոսը, ում համար Հայրենիքին ծառայելը և բանակ գնալու գաղափարը վեր էր բոլոր տեսակի երազանքներից ու ամեն ծրագրերից:

...Այսօր` հերոսի հիշատակի ոգեկոչման նախօրեին, կյանքից հեռացավ ընտանիքի հայրը` Գրիգոր Հովակիմյանը։

Որդու կորստի անչափելի վիշտը չորս տարի սրտում կրելով ` կյանքից հեռացավ Մարդ, ում տեսակը դաստիարակել էր Հուսո Հովակիմյանի նման հայրենապաշտ ու պատվախնդիր հերոսին։

Եվ այս մասին հերոսի քույրը` Շուշանիկը առավոտյան գրել էր ընդամենը մի նախադասություն, որտեղ այնքա՜ն ցավի խտացում կա, որ չի բնութագրվի և ոչ մի բառով.

«Պապ ջան

Հիմա ամուր կգրկես որդուդ …»։

...Մեր սիրելի հերոսի հայր, Ձեր տառապած հոգին կհանդիպի մեր խիզախ կամավորին: Իսկ մենք չենք մոռանալու Հուսոյի ու մեր եղբայրների սխրանքը, ովքեր այդպես էլ չիմացան, թե անհայրենիքների խմբակը ինչպես հանձնեց իրենց պահած Հողը։ Իրենք շա՜տ բան չիմացան։ Այդ ամենը գիտեիք Դուք, և այդ տիեզերական ցավը խլեց նաև բազմաթիվ հերոսների ծնողների կյանքերը, այդ թվում և` Ձեր:

Դուք անպայման կհանդիպեք մեր Հուսոյին, իսկ մենք, քանի դեռ կանք, շարունակելու ենք պայքարը, որ պատասխան պահանջենք մեր բոլոր կորուստների համար:

Ցավակցում եմ մեր սիրելի հերոսի ընտանիքին և ամենքիս:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3870

Մեկնաբանություններ